National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.09.2016
ՀՀ Ազգային ժողովն սկսեց հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 13

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 13-ին ազդարարվել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի բացումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի, սեպտեմբերի 13-15-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը եւ հետաձգումների, ինչպես նաեւ՝ որոշ նախագծեր հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշումների նախագծերը, որոնք հաստատվել են:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Խորհրդարանը վերահաստատել է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանում ընդունված ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին ԱԺ որոշումը, ըստ որի՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամից. 6 պատգամավոր ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից, մյուս խմբակցություններից՝ մեկական պատգամավոր: Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել է ՀԱԿ խմբակցությունը:

ԱԺ նախագահը խմբակցություններին առաջարկել է ներկայացնել իրենց թեկնածուներին: Գալուստ Սահակյանը խմբակցություններին առաջարկել է ներկայացնել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի թեկնածուներին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով՝ 5-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասը, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Ելույթ ունենալով, Արթուր Դավթյանը ներկայացրել է իր ծրագրերը, անելիքներն ու առաջնահերթությունները, դատախազության առջեւ ծառացած խնդիրները, դրանց արդյունավետ լուծմանն ուղղված իր պատկերացումներն ու տեսլականները, որոնք մտադիր է իրականացնել ընտրվելու պարագայում: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն սոցիալական, քաղաքական, իրավական, տնտեսական ոլորտներում սկսված բարեփոխումների շարքում կարեւորել է նաեւ դատախազության համակարգում բարեփոխումները: Արթուր Դավթյանն անդրադարձել է օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում անելիքներին, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը՝ նշելով, որ առանց օրենքով պաշտպանված, ակտիվ, առողջ եւ պահանջկոտ հասարակության՝ ոչ մի պետություն չի կարող ամուր հիմքեր ունենալ եւ կայուն զարգացում ապահովել:

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին ԱԺ պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են դատախազության գործունեության սկզբունքների իրականացմանը, դատախազության գործունեության հրապարակայնությանը, հանցագործ Պերմյակովի պատժի կրման վայրին, Սարի թաղի դեպքերի ընթացքում ոստիկանության գործողություններին եւ այդ դեպքերի պատճառով հարուցված քրեական գործերին, դատախազների աշխատավարձերին, որոշ արարքների հնարավոր ապաքրեականացմանը, ընտրակեղծարարության դեպքերի բացառմանը միտված քայլերին եւ հանրային ու քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք այլ հարցերի:

ՀՀ գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Վահան Բաբայանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից է, դատախազության դերն առանցքային է մեր պետականության կայացման, օրինականության ապահովման եւ դատաիրավական համակարգի բնականոն գործընթացի ապահովման հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ նոր գլխավոր դատախազը կկարողանա ապահովել օրենքի գերակայություն, կպահպանի անաչառ մոտեցումներ եւ իր գործունեությունը կուղղի օրինականության հաստատմանը: Վահան Բաբայանը կողմ է քվեարկելու թեկնածությանը:

Ողջունելով թեկնածուի առաջադրումը՝ Կորյուն Նահապետյանն առանձնացրել է նրա մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքները, անդրադարձել դատախազության համակարգում ակնկալվող փոփոխություններին: Պարոն Նահապետյանի գնահատմամբ՝ ներկայացված թեկնածուն բավարարում է նորացված Սահմանադրության պահանջները: Կարեւորելով շարունակական բարեփոխումները դատախազության համակարգում՝ պատգամավորը հույս է հայտնել, որ խորհրդարանի կողմից նշանակված գլխավոր դատախազը կարճ ժամանակում համակարգում քաղաքականություն իրականացնելու հնարավորություն կունենա:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի սեպտեմբերի 14-ի նիստում:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am